Creative Europe Desk Armenia is supported by the European Commission and the Ministry of Culture of the Republic of Armenia

  • CED Armenia Facebook
  • Gmail
  • CED Armenia YouTube

MEDIA ԲԱՂԱԴՐԻՉԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵԼՈՒՅԹ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ | 17.06.2019 

«Ստեղծագործ Եվրոպա Հայաստան» գրասենյակի ղեկավար Սեդա Գրիգորյանի ելույթը հունիսի 17-ին ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողի նախաձեռնությամբ տեղի ունեցած «Կինոյի ոլորտում հնարավոր օրենսդրական լուծումների վերաբերյալ» խորհդարանական լսումների շրջանակներում։ 

Ելույթի ընթացքում ներկայացվեցին «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի՝ աուդիովիզուալ ոլորտի աջակցության MEDIA բաղադրիչին միանալու համար անհրաժեշտ իրավական֊օրենսդրական նախադրյալները, որոնց շուրջ քննարկումները լսումներից օրեր անց շարունակվեցին Կինոյի և Հեռուստատեսության մասին օրենքների նախաձեռնող խմբերի հանդիպման ժամանակ։ 

Ուրախ ենք նշել, որ MEDIA բաղադրիչին միանալու ահրաժեշտության մասին լսումների ժամանակ խոսեցին թե՛ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արա Խզմալյանը, թե՛ պատգամավորներ Աննա Կոստանյանը և Նաիրա Զոհրաբյանը, թե՛ Հայաստանում ԵՄ դեսպան Պիոտր Սվիտալսկին։ 

Սեդա Գրիգորյանի ելույթի տեքստը ներկայացնում ենք ստորև։

Հարգելի' ներկաներ, պարոն նախարար, հարգարժան պատգամավորներ և կինոոլորտի գործընկերներ,
շնորհակալություն մշակույթի ոլորտի կազմակերպմանն ուղղված այս կարևոր նախաձեռնության և ելույթի
հնարավորության համար։

Ես ինքս նաև վավերագրող ռեժիսոր եմ և շատ ուրախ եմ, որ ոլորտի պետական աջակցության և կազմակերպման վերաբերյալ երկխոսությունն արդեն տեղափոխվել է Ազգային Ժողովի հարթակ և ներգարվել բոլոր հետաքրքրված ու պատասխանատու կողմերին։ 

 

Ի վերջո, կինոն նաև մշակույթի տնտեսապես ամենածանրակշիռ ոլորտներից մեկն է, և Հայաստանում այս տարի հայտարարված տնտեսական հեղափոխության շրջանակներում հենց կինոոլորտի բարեփոխումներն են, որ կարող են խթանել մշակութային տնտեսության զարգացմանը։ Բայց կարևոր է, իհարկե, հիշել, որ մշակույթն ինքնին արժեք է և արժանի է պետական շարունակական ուշադրության և հոգածության։ Անկասկած, ոլորտի օրենսդրական կարգավորումն այսօր կարևոր հրամայական է, և մենք պետք է կարողանանք ազնվորեն նայել մեր անցած ուղուն, ընդունել թերացումներն ու խնդիրները և օգտվելով թե՛ տեղական, թե՛ միջազգային փորձից՝ գտնել առավելագույն արդյունավետ լուծումները։


Հայտնի է, որ թվային հեղափոխությունը վերափոխել է տեսալսողական կամ աուդիովիզուալ ոլորտը և իր հետ բերել նոր հիմնարար մարտահրավերներ, ինչպիսիք են ինտելեկտուալ գույքի պաշտպանությունը, արագ փոփոխվող տեխնոլոգիական դաշտի գործիքների մատչելիության ապահովումը, ֆինանսական և մարդկային ռեսուրսների ճիշտ բաշխումը, և այլն: Այս մարտահրավերներին դիմագրավելու միասնական քաղաքականություն ու գործիքակազմ մշակելու համար 1991 թվականից Եվրոպական Հանձնաժողովի կողմից իրականացվում է MEDIA ծրագիրը, որը հետագայում ներառվել է Ստեղծագործ Եվրոպա ընդհանուր ծրագրի մեջ՝ դառնալով դրա՝ տեսալսողական ոլորտի աջակցության ենթածրագիրը։ Այն ներառում է՝ կինոնախագծերի զարգացման և տարածման, կինոժառանգության վերականգնման ու թվայնացման, կինոկրթության, կինոշուկաների, կինոփառատոնների իրականացման և մասնակցության, հեռուստատեսային ֆիլմերի, անիմացիաների և տեսաֆիլմերի արտադրության, կինոթատրոնների կառավարման և զարգացման աջակցություն, և այլն։ Այլ կերպ ասած՝ սա կինոոլորտի համալիր զարգացման հրաշալի հնարավորություն է, որն արդեն երկար տարիների հաջողության պատմություն է գրանցել ծրագրի մասնակից երկրներում։ Մեզ ծանոթ ամենահայտնի եվրոպական կինոշուկաները, վերապատրաստման ծրագրերը, փառատոններն ու շատ ֆիլմեր աջակցություն են ստանում՝ մասնակցելով այս ծրագրի ամենամյա դրամաշնորհային մրցույթներին, կան ձևավորված մասնագիտական հարթակներ, դիստրիբուցիոն ցանց, կինոֆորում և այլ կառույցներ, որոնք մշտական շրջապտույտի մեջ են պահում եվրոպական կինոարդյունաբերությունը։


Ստեղծագործ Եվրոպային Հայաստանի Հանրապետությունը միացավ նախորդ տարի՝ համալրելով 41 մասնակից
պետությունների ցանկը։ Սակայն, այս պահին մենք մասնակցում ենք միայն Մշակույթ ենթածրագրին և միջ-ծրագրային բաղադրիչին։ ՄԵԴԻԱ ենթածրագիրը դեռևս հասանելի չէ Հայաստանի կինոգործիչների և ֆիլմարտադրող կազմակերպությունների համար։ Այսպիսի կարգավիճակում են գտնվում մասնակից պետություններից միայն երկուսը՝ մենք և Կոսովոն։ Կան նաև պետություններ, որոնք մասնակիորեն են մասնակցում ծրագրին՝ գլխավորապես փառատոնների և դասընթացների անցկացման բաղադրիչներով։ ԵՄ անդամ չհանդիսացող պետությունների համար կա մասնակցության կարևոր նախապայման՝ կինո և մեդիա ոլորտների իրավական կարգավորումները պետք է համապատասխանեն եվրոպական համարժեք դրույթներին՝ չհակադրվելով տվյալ երկրի օրենսդրական այլ ակտերի։ Մասնավորապես, խոսքը գնում է «Տեսալսողական մեդիա ծառայությունների» վերաբերյալ Եվրամիության ցուցումների մասին։ Դրանց հիմնական դրույթներն են՝ մշակութային բազմազանությունը, տեղեկատվություն ստանալու իրավունքը, բազմակարծությունը, երեխաների և սպառողների իրավունքների պաշտպանությունը, մեդիա գրագիտության խթանումը և այլն։ Հարկ է նշել, որ այս համատեքստում ֆիլմերը դիտվում են որպես հեռուստատեսային և շարժապատկերային այլ մեդիայի մաս՝ հանդիսանալով ծրագրի տեսակ։ Այստեղ կան հստակ ցուցումներ հեղինակային իրավունքի պաշտպանության, շուկայի կարգավորման, եվրոպական ցանցերի հետ փոխգործակցության, եվրոպական արտադրության ֆիլմերի տարածման հետ կապված և այլն։ Այս հարցերից որոշներն այսօր քննարկվում են այս դահլիճում՝ ազգային կինոյի համատեքստում լուծումներ ստանալու նպատակով, և բավական է նայել Արևելյան Եվրոպայի և Արևելյան Գործընկերության երկրների օրինակին, ու մենք կտեսնենք, որ այս դրույթներից շատերն ամրագրված են հեռուստատեսության և կինոյի մասին օրենքներում և, որ ամենակարևորն է, կիրառվում են գործնականում։

 

Ի դեպ, մեր հարևան Վրաստանը Կինոյի մասին օրենքն ընդունել է դեռևս 2000 թվականին, Բուլղարիան և Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետությունը՝ 2003-ին, Մոլդովան՝ 2004-ին, Խորվաթիան՝ 2007-ին, Ռումինիան՝ 2008-ին և այլն։ Նման օրենսդրական բարեփոխումները հնարավորություն են ընձեռնում ոչ միայն կարգավորել մասնագիտական ոլորտն ու ստեղծել կինոյի զարգացման համար բարենպաստ էկոհամակարգ երկրի ներսում, այլև դառնալ մեկ մեծ ընտանիքի անդամ, որտեղ տարիներ առաջ արդեն գտնվել են այս խնդիրների լուծումները՝ երբեմն հաջողված, երբեմն՝ ոչ այնքան, սակայն հենց այս փորձին ու ձեռքբերումներին նայելով է, որ մենք կարող ենք ուղենշել կինոարտադրության զարգացումը մեզ մոտ։ Այս երկրների օրենքներում կարմիր թելի պես անցնում են երիտասարդ կինոռեժիսորների աջակցության, ոլորտի կառավարման ազգային մարմնի կողմից որոշումների կայացման թափանցիկության ու մատուցվող հնարավորությունների հավասարության վերաբերյալ դրույթները, կազմվող խորհուրդներում և այլ համանման մարմիններում բազմակարծության և
միջազգային որակավորման կարևորությունը։


Ծրագրի ընդգրկումն ու ներկայացրած հնարավորություններն ավելի շոշափելի դարձնելու համար նշեմ, որ ծրագրի ընթացիկ 2014 – 2020թ․թ․ փուլում MEDIA ենթածրագրի ընդհանուր բյուջեն կազմում է՝ 820 միլիոն եվրո, իսկ հաջորդ՝ 2021 – 2027 թվականներին այն կազմելու է մոտավորապես 1,1 միլիարդ եվրո։ Հաջորդ փուլում ծրագրի ֆինանսավորումը զգալիորեն աճելու է, այսպիսով Եվրոպական Հանձնաժողովը ընդգծում է կինեմատոգրաֆիական աշխատանքների և կինոլորտի համակարգված աջակցության կարևորությունը, մասնավորապես՝ դրանց բարձր արտադրական ծախսերի եւ մշակութային արժեքի շնորհիվ: Կինոն կարևոր դեր է խաղում եվրոպական ժողովուրդների ինքնության զարգացման մեջ, նպաստում երկրների մշակութային բազմազանությանը, ավանդույթների եւ պատմության մատուցմանը: Մենք այս ծրագրից ոչ միայն ստանալու, այլև ծրագրին տալու շատ բան ունենք՝ ուրույն և դեռևս չբացահայտված մշակութային ավանդույթներով։ Հայկական ֆիլմերի մատուցման և տարածման, կինոգործիչների մասնագիտական մասնակցության եվրոպական նման լայն հարթակը ավելի ճանաչելի կդարձնի մեր կինոն և ավելի սերտորեն կկամրջի Հայաստանը եվրոպական մշակութային ընտանիքի հետ։ Այսպիսով, հարկ եմ համարում ընդգծել Ստեղծագործ Եվրոպա ծրագրի կարևորությունը Հայաստան – Եվրոպա մշակութային երկխոսության, համագործակցության և, մասնավորապես, կինոլորտի զարգացման համատեքստում և հորդորել ոլորտի օրենսդրական նախագծերի մշակման ընթացքում անպայման դիտարկել MEDIA ենթածրագիրը հնարավոր դարձնող դրույթներն ու ցուցումները։