europa_nostra-logo_red_high.jpg

Երկու հայ՝ Եվրոպա Նոստրայի Խորհրդի կազմում

2021 թ. հունիսի 14-ին Եվրոպա Նոստրայի Խորհրդի նիստի ժամանակ, որը տեղի ունեցավ Zoom առցանց հարթակում, Խորհուրդը լիովին հավանություն տվեց նոր անդամների ընտրության արդյունքներին:

16 պաշտոնների թեկնածուներ, ովքեր առաջադրվել էին Եվրոպա Նոստրայի անդամ կազմակերպությունների և երկրների ներկայացուցչությունների կողմից, հավանության արժանացան Խորհրդակցական ընտրող հանձնաժողովի կողմից՝ ողջ Եվրոպայի՝ Եվրոպա Նոստրայի անդամ կազմակերպությունների Խորհրդակցական քվեարկության արդյունքների հիման վրա, իսկ մնացած 12 թեկնածուները առաջադրվեցին Եվրոպա Նոստրայի անհատ անդամների կողմից: 

Քվեարկության արդյունքում ընտրվել է Խորհրդի 28 նոր անդամ՝ 16 երկրից: Նրանցից երկուսը հայ են, ինչը բավականին հատկանշական է՝ հաշվի առնելով, որ ԵՄ անդամ պետություն չհանդիսացող այլ երկրներից միայն ևս 2 անդամ կա՝ Սառա Քրոֆթը Մեծ Բրիտանիայից և Նատալյա Մուսյենկոն Ուկրաինայից:

 

Ուրախ ենք տեղեկացնել, որ Եվրոպա Նոստրայի խորհրդի նոր անդամներն են.

Գայանե Կազնատի՝ Իտալիայում բնակվող վերականգնող ճարտարապետ, ով ակտիվորեն զբաղվում է հայկական ժառանգության վերականգնման և բարեկարգման լավ փորձի խթանմամբ, վերանշանակվել է արդեն 3 տարի որպես Եվրոպա Նոստրայի Խորհրդի անդամ հանդիսանալուց հետո: Թեկնածությունն առաջադրվել է Centro Studi e Documentazione della Cultura Armena-ի կողմից։ Գայանեն հեղինակել է Երերույք բազիլիկի պահպանման նախագիծը, որն ներառվել է Europa Nostra-ի և Եվրոպական ներդրումային բանկի ինստիտուտի կողմից` 2016 թվականի Եվրոպայի 7 առավել վտանգված վայրերի ցանկում՝ մոտակայքում գտնվող Անիպեմզա գյուղի հետ:

Սեդա Գրիգորյան՝ վավերագրող կինոռեժիսոր, հայաստանյան քաղաքացիական հասարակության ակտիվ ներկայացուցիչ, «Եվրոպա Նոստրա»-ի երիտասարդ անդամ՝ 2020 թվականից, Հայաստանում «Ստեղծագործ Եվրոպա» գրասենյակի ղեկավար․ Եվրոպա Նոստրա Խորհրդում առաջադրվել է «Բնօրրան պատմական հուշարձանների պահպանման հայկական ընկերություն» ՀԿ-ի կողմից, որն անդամակցում է Եվրոպա Նոստրային 2020 թվականից: Սեդան Խորհրդում ընտրված երկու երիտասարդ անդամներից մեկն է և, որպես այդպիսին, ջերմ ընդունելության է արժանացել:

Երերույքի բազիլիկի և դամբարանի պահպանման և Անիպեմզայի մշակույթի տան վերականգնման և թանգարան դարձնելու նախագիծը վերջերս հաստատվեց Հայաստանի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության կողմից:

Եվրոպա Նոստրայի Խորհրդում երկու հայ անդամների ներկայությունը կնպաստի մշակութային ժառանգության համար Եվրոպա Նոստրայի կարևոր գործունեության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը, կաջակցի Եվրոպա Նոստրայի գործունեության աճին արևելաեվրոպական երկրներում և կնպաստի նոր երիտասարդ անդամների գրանցմանը կազմակերպությունում՝ ի շահ ինչպես հայ երիտասարդների, այնպես էլ՝ Եվրոպա Նոստրայի:

Համոզված ենք, որ սա նաև կնպաստի հայ փորձագետների և նախագծերի մասնակցության աճին Եվրոպա Նոստրայի առաջատար ծրագրերում, ինչպիսիք են` Եվրոպա Նոստրա մրցանակը և «7 առավել վտանգված» անվանակարագը:

Սեդա Գրիգորյանը և Գայանե Կազնատին համատեղ աշխատում են ՀԲԸՄ-ի կողմից ֆինանսավորվող կարևոր նախագծի վրա, որը բաղկացած է Արցախի և Նախիջևանի մշակութային ժառանգության վերաբերյալ երկու վավերագրական ֆիլմերից:


 

ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ

www.europanostra.org


Հիմնական տեղեկություններ

 

Եվրոպա Նոստրան մշակութային ժառանգության ջատագով քաղհասարակության ձայնն է Եվրոպայում, որը միտված է Եվրոպայի մշակութային և բնական ժառանգության հանրահռչակմանը։ Այն շուրջ 40 երկիր ներկայացնող պատմամշակութային ՀԿ-ների համաեվրոպական դաշնություն է, որը գործում է պետական կառույցների, մասնավոր կազմակերպությունների և անհատների լայն ցանցի աջակցությամբ։ 

 

Եվրոպա Նոստրան արշավներ է իրականացնում՝ փրկելու Եվրոպայի վտանգված հուշարձանները, վայրերն ու բնական կոթողները, մասնավորապես՝ «7 առավել վտանգված» ծրագրի միջոցով: Այն նշանավորում է գերազանցությունը Եվրոպական ժառանգության մրցանակների / Եվրոպա Նոստրա մրցանակաբաշխության միջոցով: Europa Nostra-ն իր ներդրումն ունի ժառանգության հետ կապված եվրոպական ռազմավարությունների և քաղաքականությունների ձևավորման և իրականացման գործում:

 

Երիտասարդների անդամության կատեգորիան ներդրվել է 2019 թվականի հունվարին՝ ժառանգության ոլորտի երիտասարդ ուսանողների և 18-33 տարեկան մասնագետների համար՝ նպատակ ունենալով երիտասարդ անդամներին տրամադրել էական հնարավորություններ և օգտվել նրանց տաղանդից, մղումից և ստեղծագործական ունակություններից: Այս կատեգորիան այժմ ունի 300 երիտասարդ անդամ Եվրոպայի 43 երկրներից և դրանից դուրս, այս թիվը մեծապես աճել է ESACH-ի հետ մեր համագործակցությունից ի վեր:

 

Երիտասարդ անդամները հրավիրվում են մասնակցելու Եվրոպա Նոստրայի բոլոր գործողություններին, օրինակ՝ մեզ հետ զրուցել սոցիալական մեդիայի միջոցով, ներկա գտնվել և (կամ) մասնակցել առցանց միջոցառումներին, արձագանքել խորհրդակցություններին և ներկայացնել իրենց դիմումը՝ Եվրոպա Նոստրայի Խորհրդին միանալու համար:

 

Ստեղծագործ Եվրոպան Եվրոպական Միության՝ մշակութային և ստեղծարար ոլորտների աջակցության  ծրագիրն է՝ նշված ոլորտներին հնարավորություն տալով մեծացնել իրենց ներդրումը աշխատաշուկայում և տնտեսական զարգացման գործում: Այն աջակցում է ժառանգության, կատարողական արվեստների, կերպարվեստի, միջոլորտային արվեստի, հրատարակչության, կինոյի, հեռուստատեսության, երաժշտության և տեսախաղերի ոլորտներում գործող կազմակերպություններին, ինչպես նաև տասնյակ հազարավոր արվեստագետների, մշակույթի և տեսալսողական արվեստների մասնագետների: Ծրագիրը մասնակիցներին թույլ է տալիս գործել Եվրոպայում, հասնել նոր լսարանների և զարգացնել թվային դարաշրջանում պահանջվող հմտությունները:

 

Հայկական մշակույթի ուսումնասիրությունների և փաստաթղթավորման կենտրոնը (CSDCA) շահույթ չհետապնդող միություն է, որն արդեն ավելի քան հիսուն տարի հանձնառու է մշակութային ժառանգության ուսումնասիրմանը, պահպանմանը և խթանմանը: Պրոֆեսոր Ալպագո Նովելոյի հիմնադրմամբ՝ այն իրականացրել է բազմաթիվ ցուցահանդեսներ և հրատարակություններ (ներառյալ Հայկական ճարտարապետության փաստաթղթերը), ինչպես նաև՝ վերականգնման և վերականգնման ուսուցման տարբեր ծրագրեր՝ համագործակցելով Հայաստանի և միջազգային մի շարք համալսարանների և հաստատությունների հետ: Եվրոպա Նոստրայի անդամ է 2014 թվականից:

 

«Բնօրրան պատմական հուշարձանների պահպանման հայկական ընկերություն» ՀԿ-ն հիմնադրվել է 1963 թվականին։ Կազմակերպության առաքելությունն է՝ բացահայտել և բարձրացնել պատմական և մշակութային արժեքների, ինչպես նաև Հայկական լեռնաշխարհի քաղաքակրթության ժառանգության մասին իրազեկվածությունն ու խթանել հանրահռչակումը, ինչպես նաև՝ այս արժեքները գալիք սերունդներին փոխանցելը: Հիմնադրումից ի վեր Կազմակերպությունը իրականացրել է ավելի քան յոթանասուն նշանակալի հուշարձան և պատմական վայր պահպանություն: 

 

Եվրոպա Նոստրայի անդամների շարքում է նաև Karas Revival Heritage Foundation-ը, մի կազմակերպություն, որը կենտրոնացած է կարասի պատրաստման գիտելիքների վերածննդի և փոխանցման վրա։ Կազմակերպությունը «7 առավել վտանգված» անվանակարագում ներկայացրել է Կարասը՝ գինու ավանդական տարա նախագիծը՝ դառնալով ծրագրում երբևէ ընդգրկված շարժական ժառանգության առաջին թեկնածուն 2020 թ.։

 

Հայաստանի Հանրապետության ԿԳՄՍ նախարարությունը ևս հանդիսանում է Եվրոպա Նոստրային ասոցիացված կազմակերպություն:

CasnatiSeda.png
europa_nostra-logo_red_high.jpg