«Ստեղծագործ Եվրոպա Հայաստան» գրասենյակը գործում է Եվրոպական Հանձնաժողովի և ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ

  • CED Armenia Facebook
  • Gmail
  • CED Armenia YouTube

ՍՏԵՂԾԱԳՈՐԾ ԵՎՐՈՊԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ INFO DAY ԵՐԵՎԱՆՈՒՄ | 27.03.2019 

Պանելային քննարկում + Ծրագրի ներկայացում. այս ձևաչափով մարտի 27-ին Առնո Բաբաջանյանի անվան Փոքր Ֆիլհարմոնիկ դահլիճում տեղի ունեցավ Ստեղծագործ Եվրոպայի առաջին միջազգային տեղեկատվական միջոցառումը Հայաստանում։ Եվրոպական Հանձնաժողովի Կրթական, աուդիովիզուալ և մշակութային գործադիր գործակալության ներկայացուցիչ, Ստեղծագործ Եվրոպա գրասենյակների համակարգող Կատարինա Րիդիգերը, ով ժամանել էր Բրյուսելից, հանդիպեց Հայաստանի մշակութային օպերատորների հետ և հանգամանալից կերպով ներկայացրեց Ստեղծագործ Եվրոպայի դրամաշնորհային մրցույթները։ 

Միջոցառման մեկնարկին ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ Մշակույթի նախարարի տեղակալ Վահե Բուդումյանը, ով խոսքը սկսեց Թատրոնի միջազգային օրվա առիթով շնորհավորանքով և հատուկ շեշտեց հրատարակչական ոլորտի համար նախատեսվող «Աջակցություն գրական թարգմանություններին» մրցույթը, որը հայ գրականությունը Եվրոպային մատուցելու կարևոր հնարավորություն է։ ԵՄ պատվիրակության ղեկավարի տեղակալ Եկատերինա Դորոդնովան ևս խոսք ուղղեց ներկաներին՝ ընդգծելով ծրագրին Հայաստանի միանալու կարևորությունն ու մշակութային լայն գործունեություն իրականացնելու այն աննախադեպ հեռանկարները, որ բացվել են հայաստանյան գործիչների համար։ 

 

 

 

Միջոցառման առաջին կեսին միջազգային և տեղացի մասնագետները քննարկեցին ԵՄ-ում և Հայաստանում մշակույթի ոլորտի ֆինանսավորման ցուցանիշները, տնտեսության մեջ ունեցած դերը, ստեղծարար արդյունաբերության զարգացման մարտահրավերները և հեռանկարները։ Քննարկման բանախոսներն էին՝  Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն, ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ Արման Ծատուրյանը, HAYP Pop Up Gallery-ի հիմնադիր, ՀԲԸՄ Հայաստանի մշակութային փորձագետ արվեստաբան - համադրող Աննա Գարգարյանը, հայկական լուսանկարչության ուսումնասիրման Լուսադարան կենտրոնի հիմնադիր, արվեստաբան - համադրող Վիգեն Գալստյանը, Հայաստանի Ամերիկյան Համալսարանի դասախոս Լուսիան Քերրին, քննարկումը վարում էր Ստեղծագործ Եվրոպա Հայաստան գրասենյակի ղեկավար Սեդա Գրիգորյանը։ 


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Միջոցառման երկրորդ կեսը նվիրված էր Ստեղծագործ Եվրոպա ծրագրի «Աջակցություն գրական թարգմանություններին» և «Աջակցություն եվրոպական համագործակցության նախագծերին» մրցույթների ներկայացմանը։ Միջոցառման ավարտին Ռումինիայի Գյուղական արվեստի թանգարանի փորձագետ Անամարիա Իուգան ներկայացրեց եվրոպական դրամաշնորհային ծրագրերի մասնակցության իրենց փորձը՝ գաղափարի հղացումից մինչև գործընկերների փնտրտուք, ֆինանսավորման բաշխումից և նախագծերի հանրահռչակում։ 

Ի պատասխան Կատարինա Րիդիգերի այն հարցին, թե ովքեր են նախատեսում դիմել մրցույթներին, ներկաների մեծամասնությունը դրական արձագանքեց, ինչը թույլ է տալիս հուսալ, որ այս տարի հայաստանյան մշակութային կազմակերպություններն ակտիվ մասնակցություն կունենան ծրագրին:

#CreativeEurope #CreativeEuropeArmenia #CEDArmenia #EuropeForCulture