COVID-19 համաճարակի ազդեցությունը մշակույթի եւ ստեղծարար ոլորտների

անկախ գործիչների վրա Հայաստանում

Առցանց հարցման արդյունքների ամփոփագիր


Հաշվի առնելով COVID-19 համաճարակի տարածման հետեւանքով աշխարհում հաստատված ճգնաժամային
իրադրությունը՝ Ստեղծագործ Եվրոպա Հայաստան գրասենյակը մշակել եւ իրականացել է առցանց հարցում՝ նպատակ ունենալով պարզել հայաստանյան մշակութային եւ ստեղծարար ոլորտի, մասնավորապես՝ անկախ հատվածի վրա համաճարակի ազդեցությունը, դրա հետեւանքով առաջացած խնդիրները, դրանց լուծմանն ուղղված քայլերի արդյունավետությունը, ակնկալվող աջակցության տարբերակները: 


Հարցման էլեկտրոնային թերթիկը լրացրել են կատարողական, կիրառական արվեստների, կինոոլորտի եւ այլ ստեղծարար
բնագավառների կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ անհատ արվեստագետներ: Ամփոփելով ստացված
պատասխանները՝ կարող ենք հանգել այն եզրակացութանը, որ համաճարակային այս ճգնաժամը մշակույթի բոլոր ոլորտների վրա թողել է բավականին շոշափելի բացասական ազդեցություն:


Ընդհանուր դիտարկմամբ արձանագրել ենք, որ մշակութային ու ստեղծարար գործիչները դուրս են մնացել տնտեսական
աջակցության պետական միջոցառումների շահառուներից ցանկից եւ առաջնահերթ աջակցության կարիք ունեն գործառնական եւ գրասենյակների պահպանման ծախսերի լրացման տեսքով, քանի որ ճգնաժամի կանխարգելման սահմանափակումները հարկադիր պարապուրդի են ենթարկել շատերին՝ խոչընդոտելով ստեղծարար թիմային գործունեությունը, սառեցնելով կամ դադարեցնելով տեղական եւ միջազգային շատ դրամաշնորհային ծրագրեր։ Այսպիսով, կազմակերպությունները ստիպված են սեփական միջոցներից հոգալ աշխատակիցների աշխատավարձերը, տարածքի վարձակալության, կոմունալ եւ այլ ծախսեր։


Մասնավորապես, այն հարցին, թե ինչպե՞ս է COVID19 համաճարակի հետեւանքով ստեղծված իրավիճակն ազդում տվյալ ստեղծարար կազմակերպության/ գործունեության վրա եւ ինչպիսի՞ կարճաժամկետ եւ երկարաժամկետ հետեւանքներ ե կանխատեսում, որ այս համաճարակը կունենա իրենց համար, հարցվածների մեծ մասը նշել են, որ իրենց գործունեության հիմնական խոչընդոտները ստեղծված իրավիճակում հանդիսանում են ոլորտի անգործությունը, ստեղծագործելու հնարավորության սահմանափակումը, ֆինանսական հոսքերի կանգը, դրամաշնորհային ծրագրերի հետաձգումը, միջոցառումների հետձգումը, շատերի համար ֆինանսական դժվարությունների արդյունքում առաջանում է տարածքների վարձակալության խնդիր, արտադրական գործընթացները կազմակերպվում են տներում եւ սպառման շուկայի բացակայության պատճառով հիմանակում պահեստավորվում են, խնդրահարույց են նաեւ միջազգային համագործակցության/ծրագրերի դադարեցումը, ինչպես օրինակ՝ աշխատանոցների կազմակերպումը կամ դրանց մասնակցությունը: Մյուս կողմից՝ ավելացել են առցանց ձեւաչափով հանդիպումները, քննարկումները, միակ միջոցը, որով հնարավոր է ստեղծագործել, քանի որ երկարաժմկետ ծրագերի առումով ոլորտի ներկայացուցիչների շրջանում դեռեւս անորոշություն է տիրում:


Փորձեցինք ոլորտի ներկայացուցիչներից պարզել՝ արդյո՞ք օգտվել են առկա ճգնաժամի հետ կապված տնտեսության
պետական աջակցության միջոցառումներից, եթե այո՝ ինչո՞վ է այդ միջոցառումը օգնել վերջիններիս:
Արդյունքում, արձանագրել ենք, որ հարցված կազմակերպություններից որեւէ մեկը չէր օգտվել արտակարգ իրավիճակում պետության կողմից իրականացվող տնտեսական ծրագրերից եւ չէր ստացել որեւէ ֆինանսական աջակցություն: Պատճառաները տարբեր էին՝ կամ աջակցություն ստանալու համար ներկայացվելիք նախագծերի ժամկետների անհստակությունը, կամ ոլորտային աջակցության ծրագրերի բացակայությունը, կամ պետական աջակցության ծրագրերի վերաբերյալ բավարար տեղեկատվություն չունենալը, կամ դրանց ներկայացրած նախապայմաններին չհամապատասխանելը:

Իսկ այն հարցին, թե ինչպիսի՞ պետական/միջազգային աջակցության, միջոցառման կարիք կա Հայաստանում մշակույթի եւ ստեղծարար ոլորտների համար՝ համաճարակի հետեւանքները հաղթահարելու նպատակով հարցման մասնակիցները ներկայացրել են տարբեր առաջարկներ՝ կարճաժամկետ եւ երկարաժամկետ լուծումների համար: Կարճաժամկետ ծրագրերի առումով ակնկալվում է, որ պետական կառավարությունները կփրկեն մշակութային եւ ստեղծարար ոլորտը, որը կենսունակ սոցիալական ռեսուրս է հանդիսանում, կրում է հսկայական ներքին արժեք եւ նպաստում տնտեսության ակտիվացմանը:


Մասնավորապես՝

Մշակութային ոլորտի կազմակերպություններին ֆինանսական աջակցություն տրամադրող ծրագերի մշակում եւ
գործարկում
Մշակույթի անկախ գործիչներին աջակցելու նպատակով պետական դրամաշնորհների տրամադրում
Աջակցություն երիտասարդ արվեստագետներին
Արվեստագետներին եւ մշակույթի ոլորտի մասնագետներին հնարավորություն տալ օգտվել գործազրկության վճարներից եւ սոցիալական նպաստներից, ինչպես նաեւ փոխհատուցել COVID-19 ճգնաժամի հետեւանքով պատճառված կորուստները
Աջակցել մշակույթին եւ արվեստին ԵՄ ՛՛Coronavirus՛՛ արձագանքման ներդրումային նախաձեռնության միջոցով
Մշակութային ոլորտի համար ստեղծել արտակարգ իրավիճակների ֆոնդեր
Ճգնաժամային պայմանների հաղթահարման վերաբերյալ մշակութային ոլորտի արվեստագետների միջեւ փորձի
փոխանակման հարթակների ձեւավորում
Մշակութային գործունեություն ծավալելու նպատակով հատուկ առցանց հաթակների ստեղծում

Մշակութային ոլորտի ծառայությունների թվայնացում։

Երկարաժամկետ գործունեության տեսանկյունից արվեստագետները ակնկալում են՝

Մշակութային եւ ստեղծարար ոլորտի քաղաքականության վերանայում, ոլորտի զարգացման գերակա ուղղությունների նախանշում
Մշակույթի եւ արվեստի ներառում տնտեսական եւ սոցիալական վերածննդի եւ ապագա վերափոխման
ռազմավարություններում՝ ճանաչելով նրանց արժեքը քաղաքացիների բարեկեցության համար, ինչպես նաեւ
մարդկանց միավորելու ներուժը
Անհատ արվեստագետներին տրամադրվող հնարավորությունների մեծացում, կարողությունների զարգացում
Զբոսաշրջության զարգացմանը կամ ակտիվացմանն ուղղված նոր նախագծերի մշակում
2020-ին եւ դրանից հետո մշակույթի եւ արվեստի ոլորտում հավելյալ ներդրումների իրականացում՝ նպաստելով դրանց ընդգրկուն զարգացմանը եւ հետագա կայունությանը
 Միջազգայնացման բյուջեների պահպանում, քանի որ դրանք շատ կարեւոր են տեղական ստեծարար դաշտի
կարողությունների զարգացման համար։


Հարցվածների կարծիքով, հատուկ միջոցառումներ չիրականացնելու դեպքում, մշակույթի եւ ստեղծարար ոլորտների
կազմակերպությանը/գործունեությանը սպառնացող ամենամեծ վտանգն առաջիկա ամիսներին կլինի ֆինանսական ճգնաժամը, դեմոտիվացիան, անորոշությունը, մարդկանց ներգրավածության սահմանափակումը հիմա եւ վարակի հաղթահարումից նվազագույնը 6 ամիս հետո՝ չունենալով հնարավորություն գործունեություն ծավալել մշակույթի բազմաթիվ ոլորտներում, վտանգ կա նաեւ մի շարք մշակութային ձեւաչափեր կենթարկվեն փոփոխության: Նշվել են նաեւ վարձակալություն դժվարացումը, միջազգային հյուրախաղերի քչացումը /միջազգային շարժունակության կրճատում/։

Հարցվողներին խնդրեցինք նաեւ ներկայացնել իրենց առաջարկներն առ այն, թե ինչպե՞ս կարող են մշակույթի եւ ստեղծարար ոլորտները նպաստել պետության տնտեսության վերականգնմանը հետհամաճարակային շրջանում։

Հարցման մասնակիցների առաջարկների թվում էին՝

ՀՀ ներկայացնող գրագետ եւ գրավիչ գովազդային արշավի կազմակերպում՝ զբոսաշրջության մակարդակը բարձացնելու
եւ տնտեսական կայունությունը վերկանգնելու նպատակով,
Միջազգային նախագծերի մշակում եւ իրականացում՝ նոր տեխնոլոգիաների և մոդելների ներմուծման միջոցով
Մշակութային ոլորտի ակտիվ համագործակցության ապահովում այլ ոլորտների հետ
Պետության կողմից ոլորտային ծրագրային առաջարկների ներկայացում
Արվեստի մասնակի տեղափոխումը առցանց տիրույթ. դա նշանակում է, որ պետք է ստեղծվեն առցանց հարթակներ,
որոնց շնորհիվ արվեստի մի շարք ճյուղեր հնարավորություն կունենան ներկայանալու եւ եկամուտ ձեռք բերելու
Մշակույթը ներկայացնել՝ որպես երկրի տնտեսության վերականգման մեծ խթան
Խթանել տեղական արտադրության գործընթացը՝ շեշտադրում անելով տեղական սպառողների, տեղական հումքի եւ
հնարավորությունների վրա։

Ստեղծագործ Եվրոպա Հայաստան գրասենյակի առաջարկները 

 

Հիմնվելով հարցման արդյունքների եւ ստեղծարար ոլորտի ներկայացուցիչների հետ ունեցած զրույցների վրա՝ ներկայացնում ենք COVID-19 համաճարակի հարուցած խոչընդոտների հաղթահարմանն ուղղված քայլերի հետեւյալ առաջարկը։

Քարտեզագրելու համար ստեղծարար ոլորտի կարիքներն ու խնդիրները՝ բաց կանչ հայտարարել, հրավիրելով աջակցության
կարիք ունեցող ստեղծարար կազմակերպություններին, մշակութային ՀԿ-ներին ու անկախ արվեստագետներին՝ կապ
հաստատել, տեղեկացնել իրենց կրած դժվարությունների եւ ձեւավորված կարիքների վերաբերյալ։ Այս բաց կանչը
հնարավորություն կտա՝ համալրել ստեղծարար արդյունաբերությամբ զբաղվող կազմակերպությունների ու անհատ գործիչների տվյալների բանկը, որն օգտակար կլինի նաեւ ոլորտի աջակցության ու զարգացման հետագա գործունեության համար եւս։

Բաց կանչի անցկացման համար տրամադրել 1 շաբաթ, ապա՝ եւս 1 շաբաթ՝ արդյունքներն ամփոփելու համար։

Ելնելով հավաքագրված տեղեկություններից՝ Ստեղծագործ Եվրոպա Հայաստան գրասենյակն առաջարկում է՝

Ստեղծարար գործունեությամբ զբաղվող ՓՄՁ-ներին եւ մշակութային ՀԿ-ներին տրամադրել գրասենյակի պահպանման
ծախսերի փոխհատուցում մարտ - ապրիլ ամիսների համար
Անկախ արվեստագետներին եւ ստեղծարար դաշտի գործիչներին տրամադրել աջակցություն՝ ելնելով նրանց
ներկայացրած կարիքներից (մեկ ամսվա համար՝ 50.000 - 250.000դր-ի սահմաններում)
Ստեղծել տեղացի արվեստագետների, ստեղծարար գործիչների աշխատանքների հանրահռչակման առցանց հարթակ,
որը հնարավորություն կտա շահույթ հետապնդել՝ ծառայությունների մատուցման, ստեղծագործությունների վաճառքի
տեսքով եւ այլն։ Այս առումով՝ կարելի է համագործակցել արդեն գործող նման հարթակների հետ, ի մի բերել նրանց
ռեսուրսներն ու գործիքակազմը։
Արվեստագետնրին եւ ստեղծարար գործունեությամբ զբաղվող գործիչներին ֆինանսական աջակցություն տրամադրել՝
իրենց ստեղծագործությունները միջազգային առցանց վճարովի հարթակներում, վիրտուալ փառատոններում ու
ցուցահանդեսներում հանրահռչակելու նպատակով
Արվեստագետնրին եւ ստեղծարար գործունեությամբ զբաղվող գործիչներին ֆինանսական աջակցություն տրամադրել՝
միջազգային առցանց կրթական, վերապատրաստման ծրագրերին մասնակցելու նպատակով։

● Վերագնահատել մշակույթի և ստեղծարար արդյունաբերությունների կարևոր դերն ու նշանակությունը պետական տնտեսական քաղաքականության շրջանակներում, հատկապես՝ համաճարակային և հետհամաճարակագյին իրավիճակում, և այդ տեսլականն իրականություն դարձնել՝ որոլտներին առաջնահերթություն տալով և ստեղծելով բարենպաստ պայմաններ զարգացման և պետության տնտեսության մեջ զգալի ներդրում ունենալու համար։

Շարունակական աշխատանք է պետք իրականացնել՝ անկախ դաշտի քարտեզագրման ուղղությամբ, ինչը կօգնի միասնական քաղաքականություն մշակելու եւ իրականացնելու հարցում։ Անկախ արվեստագետները պատրաստ են մասնակցել եւ իրենց ներդրումն ունենալ ռազմավարության ծրագրման եւ գործարկման փուլերում՝ ի շահ մշակույթի եւ ստեղծարար ոլորտների։

«Ստեղծագործ Եվրոպա Հայաստան» գրասենյակը գործում է Եվրոպական Հանձնաժողովի և ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ

  • CED Armenia Facebook
  • Gmail
  • CED Armenia YouTube