top of page

Հատուկ նախաձեռնություններ և մրցանակներ

Եվրոպայի մշակութային և տեսալսողական հատվածների տեսանելիությունը բարձրացնելու համար Եվրոպական հանձնաժողովը աջակցում է մի շարք գործողությունների, նախաձեռնությունների և մրցանակների իրականացմանը: Դրանք նախագծված են՝ ևս մեկ անգամ պարգևատրելու ձեռքբերումները, կարևորելու գերազանցությունը և բարձրացնելու Եվրոպայի մշակույթի և ժառանգության մասին իրազեկությունը:​​

​

Եվրոպական ժառանգության պիտակ

Եվրոպական ժառանգության պիտակը (European Heritage Label) 2013 թվականից ի վեր ընդգծում է այն կարևորագույն հանգրվանները, որոնք ձևավորել են Եվրոպայի պատմությունը՝ սկսած քաղաքակրթության առաջին քայլերից մինչև ժամանակակից Եվրոպայի կայացումը։ Եվրոպական ժառանգության պիտակները կարելի է ուսումնասիրել անհատապես կամ ցանցային ձևաչափով, ինչը հնարավորություն է տալիս խորապես գնահատել Եվրոպայի մշակութային և պատմական ժառանգության ընդգրկունությունը։ Երկու տարին մեկ անգամ, մասնակից երկրները նախապես ընտրում են առավելագույնը երկու վայրեր՝ ազգային մակարդակով, որոնք ներկայացվում են վերջնական գնահատման։ 

Եվրոպական ժառանգության նշան ստացած վայրերի ցանկը ներկայացված է այստեղ: 

​

📄 Եվրոպական ժառանգության պիտակ ստացած վայրերի ցանկը հասանելի է այստեղ:​​

​​​​

Եվրոպայի մշակութային մայրաքաղաք

Եվրոպայի մշակութային մայրաքաղաքների նախաձեռնության նպատակն է՝

  • գնահատել Եվրոպայի մշակութային բազմազանությունն ու հարստությունը,

  • նշել այն մշակութային առանձնահատկությունները, որոնք միավորում են եվրոպացիներին,

  • խորացնել քաղաքացիների մեջ ընդհանուր մշակութային տարածքին պատկանելու զգացումը,

  • առաջմղել մշակույթի դերը քաղաքների զարգացման գործընթացում։

Բացի այդ, փորձը ցույց է տվել, որ նախաձեռնությունն նաև նպաստում է քաղաքների վերակենդանացմանը, բարձրացնում է քաղաքների միջազգային տեսանելիությունը, բարելավում է քաղաքի կերպարը տեղաբնակների աչքում, նոր լիցք է հաղորդում քաղաքի մշակութային կյանքին, խթանում է զբոսաշրջությունը։ 

​

Մշակութային մայրաքաղաքների ընտրությունը ԵՄ անդամ պետություններում. մշակութային մայրաքաղաքների ստատուսի ստացման համար յուրաքանչյուր շահառու երկիր վեց տարի առաջ հայտարարում է բաց մրցույթ, հիմնականում մշակույթի նախարարության միջոցով։ Հետաքրքրված քաղաքներն այնուհետև ներկայացնում են հայտադիմում, որից հետո ստացված դիմումները գնահատվում են անկախ մշակութային փորձագետների հանձնաժողովի կողմից՝ նախապես սահմանված չափանիշների հիման վրա։ Առանձնացվում է առաջին փուլով անցած քաղաքների ցուցակ, որից հետո այդ քաղաքները հրավիրվում են ներկայացնելու իրենց առաջարկներն՝ ավելի մանրամասն։ Վերջին փուլում հանձնաժողովը առաջարկում է մեկ քաղաք յուրաքանչյուր հյուրընկալող երկրից, որն էլ պաշտոնապես ստանում է Եվրոպայի մշակութային մայրաքաղաք կոչումը։

Քաղաքները ստանում են մշակութային մայրաքաղաքի կարգավիճակը՝ ընտրության տարուց չորս տարի առաջ՝ ապահովելու նախապատրաստական և ծրագրավորման աշխատանքների պատշաճ ընթացքը։ Այս ընթացքում հանձնաժողովը, ԵՄ հանձնաժողովի աջակցությամբ, հետևում է աշխատանքներին, տրամադրում խորհրդատվություն և գնահատում քաղաքի պատրաստվածությունը։ Մելինա Մերկուրիի մրցանակը (այժմ՝ կազմում է €1.5 մլն) տրամադրվում է գնահատման արդյունքների հիման վրա՝ ծրագրի ավարտին։ 

Եվրոպայի մշակութային մայրաքաղաքների նախաձեռնության մասին առավել մանրամասներ ներկայացված է այստեղ: 

​

Եվրոպական ժառանգության օրեր

Եվրոպական ժառանգության օրերը ամենաշատը նշվող և ժողովրդին ուղղված մշակութային նախաձեռնությունն է, որը միավորում է Եվրոպայի տարբեր երկրներում ապրող մարդկանց։ Նախաձեռնությունը մեկնարկել է 1985 թվականին Եվրոպայի խորհրդի կողմից, իսկ 1999 թվականից՝ նրան միացել է նաև Եվրոպական Միությունը՝ ստեղծելով համատեղ ծրագիր, որը գործում է մինչ այսօր։ Ծրագիրն ամեն տարի ներգրավում է մինչև 20 միլիոն այցելու, և կարելի է ենթադրել, որ այն ամենաարժեքավոր մշակութային նախաձեռնությունն է Եվրոպայում: 

Եվրոպական ժառանգության օրերն անցկացվում են ամեն տարի՝ սեպտեմբեր ամսին, և հաճախ հայտնի են որպես Ժառանգության բաց դռների օրեր։ Միջոցառումները կազմակերպվում են այն երկրներում, որոնք միացել են Եվրոպական մշակութային կոնվենցիային։ Տվյալ ժամանակահատվածում բազմաթիվ հուշարձաններ և մշակութային օբյեկտներ բացում են իրենց դռները՝ հնարավորություն տալով  քաղաքացիներին անվճար այցելել և ճանաչել իրենց ընդհանուր մշակութային ժառանգությունը։ Միջոցառումների նպատակն է խթանել քաղաքացիների մասնակցությունը ժառանգության պահպանման և զարգացման գործում՝ ներկայիս ու գալիք սերունդների համար։ 

Մանրամասները ներկայացված են այստեղ: 

​​

Եվրոպական միության գրական մրցանակ

Եվրոպական միության գրականության մրցանակը (EUPL) ամենամյա նախաձեռնություն է, որի նպատակն է ճանաչել Եվրոպայի լավագույն սկսնակ գրողներին։ Մրցանակը հիմնադրվել է Եվրոպական հանձնաժողովի կողմից՝ 2009 թվականին, և բաց է «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին մասնակցող երկրների համար։ Մրցանակաբաշխությունն իրականացվում է միավորող կոնսորցիումի կողմից, որը ներառում է՝ Գրավաճառների եվրոպական ֆեդերացիան, Եվրոպական գրողների խորհուրդը և Եվրոպական հրատարակիչների Ֆեդերացիան։ 

Մրցանակի հիմնական նպատակներն են՝

  • Ընդգծել ժամանակակից եվրոպական գրականության ստեղծարարությունն ու բազմազանությունը,

  • Խթանել եվրոպական գրականության լայն տարածումը,

  • Աջակցել գրքերի վաճառքին,

  • Խրախուսել ոչ ազգային (թարգմանված) գրականության հրատարակումը, վաճառքը և ընթերցանությունը։​

Ամեն տարի մասնակից երկրների մեկ երրորդը ազգային ժյուրիների միջոցով առաջադրում են իրենց հեղինակներին (կոնսորցիումի վարչական համակարգման ներքո)։ Այս մեխանիզմը երաշխավորում է, որ յուրաքանչյուր երկիր և լեզու ներկայացված կլինի յուրաքանչյուր երեք տարվա ընթացքում։ Այնուհետև եվրոպական ժյուրին, հիմք ընդունելով Եվրոպական հանձնաժողովի սահմանած չափորոշիչները, ընտրում է մեկ թեկնածու յուրաքանչյուր երկրից։ Մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել Եվրոպական միության գրական մրցանակի պաշտոնական կայքէջը։ 

​​​

Եվրոպական միության մշակութային ժառանգության մրցանակ (Europa Nostra)

Եվրոպական ժառանգության մրցանակներ / Europa Nostra մրցանակներ-ը հիմնադրվել են Եվրոպական հանձնաժողովի կողմից 2002 թվականին և այդ ժամանակից ի վեր իրականացվում են Europa Nostra կազմակերպության հետ գործընկերությամբ։ Մրցանակները ֆինանսավորվում են Եվրոպական Միության Ստեղծագործ Եվրոպա ծրագրի միջոցով։ Ստեղծագործ Եվրոպա ծրագրին ասոցացված երկրները ևս կարող են ստանալ Եվրոպական ժառանգության / Europa Nostra մրցանակներ։ 

Եվրոպայի մշակութային ոլորտի ակնառու ճարտարապետները, արհեստագործները, մշակութային ժառանգության փորձագետները, մասնագետները և կամավորները, պետական և մասնավոր հաստատությունների և տեղական համայնքների ներկայացուցիչները հնարավորություն ունեն դիմել և արժանանալ «Եվրոպական ժառանգության» մրցանակի՝ իրենց նվաճումների համար: Մրցանակակիրները բացի պարգևներից,  ստանում են նաև մի շարք առավելություններ՝ ազգային, միջազգային ազդեցություն, այցելուների թվի աճ և ֆինանսավորման ավելացում: Դիմումները բացվում են յուրաքանչյուր տարի: Մանրամասները և դիմելու կարգը հասանելի է այստեղ: 

​

​Եվրոպական միության մրցանակ ժամանակակից ճարտարապետության համար (Mies van der Rohe)

Եվրոպական միության մրցանակը ժամանակակից ճարտարապետության համար երկամյա մրցանակաբաշխություն է, որը համաֆինանսավորվում է «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի և Միս վան դեր Ռոեի հիմնադրամի կողմից։ Մրցանակը նպատակ ունի ճանաչել և պարգևատրել ճարտարապետական ոլորտում առանձնացած և նորարարական աշխատանքները։

Մրցանակաբաշխությանը լրացուցիչ կցվում է հատուկ հիշատակում՝ «Սկսնակ ճարտարապետ» անվանակարգը, որը շնորհվում է բացառիկ ճարտարապետական ստեղծագործության համար։ Մրցանակը համատեղ կազմակերպվում է Եվրոպական հանձնաժողովի և Բարսելոնայում հիմնված Միս վան դեր Ռոեի հիմնադրամի կողմից՝ 15 ճարտարապետական հաստատությունների ցանցի և 31 երկրի փորձագետներից կազմված հանձնաժողովի աջակցությամբ։ Գլխավոր մրցանակը կազմում է 60,000 եվրո, իսկ հատուկ հիշատակումը՝ 20,000 եվրո։ Պարգևատրվում են այն աշխատանքները, որոնք առանձնանում են իրենց գաղափարական խորությամբ, նորարարությամբ և շինարարական մեթոդների բարձր որակով։ Հաղթողները ստանում են նաև քանդակ՝ Միս վան դեր Ռոեի Բարսելոնայի տաղավարի խորհրդանիշով։ Մրցանակի նպատակը ճարտարապետության ոլորտում գերազանցության ճանաչման և արժևորման խթանումն է։ Մրցանակի և հատուկ հիշատակումի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություններ, ինչպես նաև նախորդ տարիների հաղթողների ցանկը, հասանելի են մրցանակի պաշտոնական կայքում։ ​​

​

Music Moves Europe

Music Moves Europe Talent Award մրցանակաբաշխությունը Եվրոպական միության ժամանակակից երաժշտության մրցանակն է, որը շարունակությունն է European Border Breakers Awards (EBBA) մրցանակի։ Այն կոչված է գնահատելու և խթանելու այն սկսնակ արտիստներին, որոնք ներկայացնում են այօրվա և վաղվա եվրոպական երաժշտական հնչողությունը։ 

24 բացառիկ արտիստ առաջադրվում են Music Moves Europe Talent Awards մրցանակաբաշխության համար։ Միջազգային ժյուրին ընտրում է յուրաքանչյուր հետևյալ վեց ժանրից երկու հաղթող՝ փոփ (pop), ռոք (rock), էլեկտրոնային (electronic), R&B / urban, հիփ-հոփ / ռեփ (hip-hop / rap), երգիչ-երգահան (singer/songwriter):  12 հաղթող արտիստները ստանում են՝ համերգային ելույթ Նիդերլանդների Գրոնինգեն քաղաքում՝ ESNS փառատոնի շրջանակում, անհատականացված վերապատրաստման ծրագիր, ֆինանսական աջակցություն շրջագայության և գովազդի համար: Բոլոր հաղթողները նաև մասնակցում են հանրային ընտրությամբ մրցանակի համար պայքարին, որի հաղթողը հայտարարվում է մրցանակաբաշխության ժամանակ՝ ESNS փառատոնի ընթացքում։ 

Մրցանակաբաշխությունը կազմակերպվում է ESNS (Eurosonic)-ի և Reeperbahn Festival-ի կողմից՝ համագործակցելով հետևյալ կազմակերպությունների հետ՝ Yourope, IMPALA, IMMF, Liveurope, Live DMA, EMEE, Digital Music Europe (DME), և Եվրոպական հեռարձակողների միություն (EBU)։ Մրցանակաբաշխությունը իրականացվում է սերտ համագործակցությամբ Եվրոպական հանձնաժողովի հետ և համաֆինանսավորվում է Ստեղծագործ Եվրոպա ծրագրի շրջանակում։ 

Մրցանակաբաշխության մասին առավել մանրամասն տեղեկություններ հասանելի են այստեղ: 

​​​​

​

ՀՀ, ք. Երևան 0002, Թումանյան 38

Հեռախոս՝ +374 77 162957
Էլ. հասցե՝ info@creativeeurope.am

  • Facebook
  • Instagram
  • LinkedIn

© 2025 Ստեղծագործ Եվրոպա Հայաստանյան գրասենյակ: Բոլոր իրավունքները պահպանված են:

Ստեղծագործ Եվրոպա Հայաստանյան գրասենյակը գործում է Եվրոպական Հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Գրասենյակի աշխատանքները համակարգում է «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը:

bottom of page