top of page
Faded Shapes

Հայտերի ներկայացում

Ստորև ներկայացվում է մանրամասն տեղեկություն հայտերի ներկայացման գործընթացի տարբեր փուլերի վերաբերյալ։ «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին դիմելու համար հայտը պետք է ներկայացնել Եվրոպական հանձնաժողովի հարթակի՝ «Ֆինանսավորման և հայտերի հնարավորությունների պորտալի» (Funding & Tenders Opportunities Portal - FTOP) միջոցով։ 

 

Ստեղծագործ Եվրոպա Հայաստանյան գրասենյակը պատրաստել է հիմնական եզրույթների բառարան, որտեղ կարող եք գտնել ծրագրում առավել հաճախ հանդիպող եզրույթները: 

«Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին դիմելու գործընթացը բաղկացած է մի քանի հիմնական փուլից: Ստորև ներկայացվում է գործընթացը՝ քայլ առ քայլ. 

Քայլ 1. Օգտվողի հաշվի ստեղծում FTOP հարթակում
Մինչև հայտ ներկայացնելը, անհրաժեշտ է ստեղծել ԵՄ մուտք (EU Login)՝ «Ֆինանսավորման և հայտերի հնարավորությունների պորտալում» (FTOP)։ Գործընթացի կազմակերպման համարանհրաժեշտ է միայն էլեկտրոնային հասցե։ 

  • Անհրաժեշտ է ստեղծել օգտվողի հաշիվ՝ այստեղ։

Քայլ 2. Կազմակերպության գրանցում և PIC կոդի ստացում

«Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի ցանկացած նախագծին դիմելու համար բոլոր դիմորդ կազմակերպությունները պետք է ունենան PIC համար։ EU Login հաշվի առկայության դեպքում դիմոդները կարող են գրանցել իրենց կազմակերպությունը Մասնակիցների գրանցամատյանում (Participant Register)։ PIC համարը ստեղծվում է FTOP հարթակում։ 

Գրանցումն ավարտելուց հետո կազմակերպությունները ստանում 9 նիշից բաղկացած մասնակից կազմակերպության նույնականացման կոդ՝ PIC (Participant Identification Code)։ 

 

  • Եթե կասկածում եք՝ արդյոք ձեր կազմակերպությունն արդեն ունի՞ PIC համար, թե ոչ, կարող եք ստուգել՝ սեղմելով այստեղ

  • Եթե ձեր կազմակերպությունը բացակայում է շտեմարան, ապա կազմակերպության գրանցումը կարող եք կատարել այստեղ։  

  • Վստահ չե՞ք, թե ինչպես գրացել կազմակերպությունը և ստանալ PIC համար։ Տվյալ պարագայում խորհուրդ է տրվում դիտարկել սույն ուղեցույցը:

Քայլ 3. Գտնել համապատասխան նախագիծը և ներկայացներ հայտը 

Ստեղծագործ Եվրոպա ծրագրի բոլոր հայտերը ներկայացվում են առցանց՝ Funding & Tender Opportunities հարթակի միջոցով։ Ճիշտ նախագիծը գտնելու համար առկա են երկու հիմնական եղանակներ՝ 

  • Ստեղծագործ Եվրոպա Հայաստանյան գրասենյակի կայքի միջոցով. «Ծրագրային» մրցույթներ բաժնում կարող եք գտնել տվյալ ծրագրի մանրամասները, հայտադիմումները, հղումը՝ դեպի FTOP հարթակ:

  • Ուղիղ որոնում FTOP հարթակում: 

Խորհուրդ է տրվում մասնակցել Եվրոպական հանձնաժողովի կազմակերպած ուսուցողական հանդիպմանը, որտեղ ներկայացվում են Funding & Tenders Opportunities հարթակի բոլոր մանրամասները: Առցանց հանդիպումը հասանելի է այստեղ։ ​Բոլոր անհրաժեշտ հայտաձևերը և փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են հայտերի պատրաստման և ներկայացման համար, հասանելի են Funding & Tender Opportunities հարթակում։ ​

Մինչ «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի դրամաշնորհային նախագծերին դիմելու գործընթացը սկսելը, հարցերի և մանրամասների համար խորհուրդ է տրվում կապ հաստատել Ստեղծագործ Եվրոպա Հայաստանյան գրասենյակի հետ, որը ծրագրի պաշտոնական տեղեկատվական գրասենյակն է Հայաստանում։​

Գրասենյակը պատրաստակամ է օգտել  և ուղղորդել՝ որ ֆինանսավորման գիծն է ամենահարմարը Ձեր նախագծի առանձնահատկություններին համապատասխան, ինչպես նաև կուղղորդի հայտերի ներկայացման ընթացակարգում։

Քայլ 4. Լրացնել հայտի 3 բաղադրիչները 

Երբ FTOP հարթակում համապատասխան նախագծի էջում սեղմեք "Start Submission" կոճակը, դուք կստանաք հասանելիություն տվյալ նախագծի հայտադիմումին, բյուջեին և անհրաժեշտ հավելվածներին։

Հայտը բաղկացած է 3 հիմնական մասից․

  • Մաս A / Part A 

Առցանց հայտաձև, որը պարունակում է նախագծի հիմնական տեղեկատվությունը, գործընկերների տվյալները և պահանջվող ֆինանսավորման չափը։

  • Մաս B / Part B  

Նախագծի նկարագրություն, բյուջե և անհրաժեշտ հավելվածներ։ Այստեղ պետք է օգտագործել պարտադիր ձևանմուշները։ Դրանք ներբեռնվում են հարթակից, լրացվում և նորից վերբեռնվում են հարթակ։

  • Մաս C / Part C 

Առցանց հայտաձև, որտեղ նշվում են ադմինիստրատիվ բնույթի տվյալներ՝ ներառյալ նախագծի նպատակներն ու առաջնահերթությունները։

ՆՇՈՒՄ․ Հայտը պետք է ներկայացնել ժամը 17:00-ից ոչ ուշ՝ վերջնաժամկետի օրը (Բրյուսելյան ժամանակով), սակայն խորհուրդ է տրվում ներկայացնել մի քանի օր շուտ՝ տեխնիկական խնդիրներից խուսափելու համար։

Ձևանմուշների օրինակներ 

📎 FTOP հարթակում ներկայացված են բոլոր նախագծերի հայտադիմումների ձևանմուշները: 

Հուշումներ. մի քանի գործնական քայլեր՝ ինչպես կողմնորոշվել էջում

  1. Filters բաժնում՝ «Programs» ընտրացանկից անհրաժեշտ է ընտրել Creative Europe, 

  2. «Templates & forms» բաժնում բացել «Application Forms», 

  3. Ընտրել Culture բաղադրիչը, 

  4. «Ստեղծագործ Եվրոպա. Մշակույթ» բաղադրիչի հայտադիմումները կրում են CREA CULTURE կամ CREA CULT հապավումները։

Նշում․ Սույն ձևանմուշներն ընդամենը օրինակներ են։ Դիմորդները ստանում են հասանելիություն հիմնական ձևանմուշներին միայն այն ժամանակ, երբ ստեղծում են հայտը FTOP հարթակում, և միայն այն ժամանակ, երբ նախագծերը բաց են (սովորաբար մոտ 3 ամիս)։ ՊԱՐՏԱԴԻՐ Է օգտագործել այն ձևանմուշները, որոնք հասանելի են դառնում հայտը ստեղծելուց հետո։ Անթույլատրելի է օգտագործել նախորդ տարիների դիմում-հայտերի ձևանմուշները: 

Քայլ 5. Հայտերի ներկայացում 

Երբ հայտն արդեն պատրաստ է ամբողջությամբ, անհրաժեշտ է սեղմել «submit application» (ներկայացնել հայտը) կոճակը։ Հայտը պետք է ներկայացնել վերջնաժամկետի օրը՝ ժամը 17:00-ից ոչ ուշ (Բրյուսելյան ժամանակով)։ Հաջողությամբ ներկայացնելուց հետո դիմորդ կազմակերպությունը պատասխան նամակ է ստանում հայտի վերաբերյալ FTOP հարթակում։ Տվյալ նախագծի նկարագրության մեջ ներկայացված է նաև ժամանակացույց, որտեղ նշվում է՝ երբ կարող են կազմակերպությունները սպասել պատասխանի։ Այնուամենայնիվ, ուշացումներ երբեմն լինում են։ Սովորաբար վերջնաժամկետից հետո պատասխանի ստացման համար պահանջվում է մոտ 6 ամիս։

Խորհուրդ. խորհուրդ է տրվում հայտը ներկայացնել վերջնաժամկետից առնվազն 2 օր շուտ։ Հայտադիմումի վերջնաժամկետից առաջ կարելի է նորից ներկայացնել ավելի թարմացված տարբերակ՝ գրանցելով միայն վերջին ներկայացված հայտը։ Այս կերպ դիմորդը կարող է վստահ լինել, որ տեխնիկական խնդիրների դեպքում անգամ հայտը ժամանակին ներկայացված կլինի։ 

Հարթակներ և դերեր 

Ստեղծագործ Եվրոպա ծրագրի բոլոր հայտերը ներկայացվում են առցանց՝ Funding & Tender Opportunities հարթակի միջոցով (FTOP) հարթակում, որը Եվրոպական հանձնաժողովի հարթակն է: 

🔗 Անցնել FTOP հարթակ

Ստորև ներկայացվում են մի շարք օգտակար ուղեցույցներ, որոնք կօգնեն դիմորդներին կողմնորոշվել և արդյունավետ օգտագործել հարթակի հնարավորությունները․

📄 ԵՄ հանձնաժողովի ուղեցույց․
Ինչպե՞ս գտնել և ներկայացնել հայտ՝ FTOP-ում։ Այս ուղեցույցը ներկայացնում է՝ ինչպես գրանցվել, գտնել նախագիծը և ներկայացնել հայտ։

🌐 Առցանց ձեռնարկ-ուղեցույց, որտեղ մանրամասն ներկայացված են FTOP-ի հետ կապված բոլորի հիմնական մանրամասները։

🖥 Վեբինար սկսնակների համար

FTOP հարթակի հնարավորությունները՝ պարզ և հասանելի։

Հաճախ տրվող հարցեր (FAQ)․

FTOP-ի օգտագործման վերաբերյալ ամենահաճախակ տրվող հարցերին կարող եք ծանոթանալ և գտնել պատասխաններ: 

LEAR (Legal Entity Appointed Representative)

Յուրաքանչյուր կազմակերպություն պետք է նշանակի LEAR (Legal Entity Appointed Representative)՝ իրավական ներկայացուցչի։ LEAR-ն այն միակ անձն է, ով ստանում է լիազորություն փոփոխելու կազմակերպության տվյալներն ու տեղեկատվությունը՝ այն բանից հետո, երբ Բրյուսելում գործող թիմը հաստատում է կազմակերպության իրավական գրանցումը։

📌 Խորհուրդ է տրվում ծանոթանալ LEAR-ի նշանակման և հաստատման գործընթացի վերաբերյալ սույն ուղեցույցին: 

Առկա՞ են տեխնիկական խնդիրներ. անհրաժեշտ է կապ հաստատել ԵՄ ՏՏ աջակցման ծառայության հետ 

Եթե դիմում-հայտի ներկայացման գործընթացի ընթացքում առաջանում են տեխնիկական խնդիրներ, անհրաժեշտ է անհապաղ կապ հաստատել Բրյուսելում գործող ԵՄ ՏՏ աջակցման թիմի (IT Helpdesk) հետ՝ մինչև տվյալ նախագծի վերջնաժամկետ, ժամը 17:00-ը (Բրյուսելյան ժամանակով)։

📩 ՏՏ աջակցման թիմի կապի ձևանմուշ․ [IT Helpdesk Contact Form]

📧 Էլ. հասցե․ eacea-helpdesk@ec.europa.eu
📞 Հեռախոսահամար․ +32 2 299 0705

❓ Ծանոթացեք նաև ՏՏ աջակցման ծառայության Հաճախ տրվող հարցերին (FAQ):

Խորհուրդներ 

  • Եթե ունեք հարցեր կամ կասկածներ, խորհուրդ է տրվում կապ հաստատել Ստեղծագործ Եվրոպա Հայաստանյան գրասենյակի հետ՝ նախքան դիմում-հայտի պատրաստման գործընթացը սկսելը, քանի որ թիմը կարող է արագ գնահատել՝ արդյոք Ձեր կազմակերպությունը համապատասխանում է ծրագրի պահանջներին և արդյոք Ձեր նախագիծը համապատասխանում է «Ստեղծագործ Եվրոպա – Մշակույթ» ծրագրի շրջանակում ֆինանսավորում ստանալու հնարավորությանը։ 

  • Եթե նախագծի հայտը հաստատվում է, կազմակերպությունը հրավիրվում է մասնակցելու այսպես կոչված Grant Agreement Preparation (GAP) փուլին։ Այս փուլում ձևակերպվում է պայմանագիրը և վերջնականացվում են նախագծի մանրամասները։ Օրինակ՝ Եվրոպական հանձնաժողովը կարող է դիտարկել բյուջեի առաջարկը և առաջարկել փոփոխություններ կամ պարզաբանումներ։ Այս փուլում Հանձնաժողովը նաև գնահատում է դիմող կազմակերպությունների կարողությունները՝ ստուգելու, թե արդյոք նրանք բավարար հիմքեր ունեն՝ ԵՄ ֆինանսավորմամբ նախագիծ վարելու համար։ GAP փուլը կարող է տևել 1-3 ամիս, իսկ որոշ դեպքերում՝ ավելի երկար։ Միայն պայմանագրի ստորագրումից հետո է հնարավոր սկսել նախագծի իրականացման գործընթացը։

  • Հայտերը գնահատվում են միավորային համակարգով, և հայտերը դասակարգվում են ըստ ստացած ընդհանուր միավորների քանակի։ Ամենաշատ միավորներ հավաքած ծրագրերը ստանում են ֆինանսավորում՝ ծրագրի ընդհանուր բյուջեի սահմաններում: «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի ֆինանսավորման համար, որպես կանոն, մրցակցությունն արտակարգ բարձր է, ուստի կարևոր է, որ ներկայացվող նախագիծը լիովին համապատասխանի Եվրոպական հանձնաժողովի սահմանած պահանջներին։ Կարևոր է նշել, որ նույնիսկ եթե դիմորդը կապ է հաստատել «Ստեղծագործ Եվրոպա» Հայաստանյան գրասենյակի հետ և ստացել է խորհրդատվություն հայտի վերաբերյալ, դա չի նշանակում, որ ֆինանսավորումը երաշխավորված է։ Ամեն ինչ կախված է տվյալ տարվա դիմորդների ընդհանուր քանակից և նրանց ներկայացրած հայտերի որակից։

  • Ոչ մի դեպքում չպետք է հիասթափվել մերժումից։ Շատերը ֆինանսավորում ստանում են միայն երրորդ կամ նույնիսկ չորրորդ փորձից: Եթե դիմող կազմակերպությունն ու նախագիծը համապատասխանել են ծրագրի պահանջներին, բայց չեն հավաքել բավարար միավորներ՝ ֆինանսավորում ստանալու համար, Եվրոպական հանձնաժողովը ուղարկում է գրավոր գնահատական, որը կարևոր է ուշադիր կարդալ և օգտագործել որպես հիմք՝ հաջորդ տարվա համար փոփոխելու և նորից ներկայացնելու համար: Մերժման դեպքում կարող եք հանդիպել «Ստեղծագործ Եվրոպա» Հայաստանյան գրասենյակի հետ և կազմակերպել քննարկում: 

Anchor 1
Anchor 2
Anchor 3

ՀՀ, ք. Երևան 0001, Հյուսիսային պողոտա 1, 

«Նորդ» բիզնես կենտրոն, 8-րդ հարկ

Հեռախոս՝ +374 77 162957
Էլ. հասցե՝ info@creativeeurope.am

  • Facebook
  • Instagram
  • LinkedIn

© 2025 Ստեղծագործ Եվրոպա Հայաստանյան գրասենյակ: Բոլոր իրավունքները պահպանված են:

Ստեղծագործ Եվրոպա Հայաստանյան գրասենյակը գործում է Եվրոպական Հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Գրասենյակի աշխատանքները համակարգում է «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը:

bottom of page