
Հաճախ տրվող հարցեր
Պահանջներ և տեղեկություններ դիմորդների համար
Ո՞վ կարող է դիմել Ստեղծագործ Եվրոպա ծրագրին
«Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի ֆինանսավորմանը կարող են դիմել մշակույթի և ստեղծարար ոլորտները, ինչպիսիք են՝ կատարողական արվեստները, լուսանկարչությունը, պարարվեստը, թատրոնը, երաժշտությունը, մշակութային ժառանգությունը, ճարտարապետությունը, դիզայնը, փառատոնները, արհեստները, նորաձևությունը, գրականությունը, կրթությունը և միջառարկայական նախագծերը։ Նախագծերը բաց են ինչպես պետական, այնպես էլ մասնավոր կազմակերպությունների համար։ Ֆինանսավորման բոլոր նախագծերի համար գործում են հետևյալ պահանջները․
-
Կազմակերպությունները պետք է գրանցված լինեն ԵՄ անդամ պետություններում կամ Ստեղծագործ Եվրոպա երնրիներից որևէ մեկում:
-
Անհատները (օրինակ՝ արվեստագետներ կամ թարգմանիչներ) չեն կարող դիմել «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի ֆինանսավորմանը, բացառությամբ Culture Moves Europe շարժունակության ծրագրի։
-
Տեսալսողական ուղղվածություն ունեցող նախագծերը (օրինակ՝ ֆիլմ, հեռուստատեսություն կամ համակարգչային խաղեր) չեն կարող դիմել ֆինանսավորման Ստեղծագործ Եվրոպա ծրագրի Մշակույթ բաղադրիչի շրջանակներում։ Տեսալսողական ոլորտները պետք է դիմեն ՄԵԴԻԱ ենթածրագրի շրջանակում, որին Հայաստանն այս պահին չի անդամակցում:
Ի՞նչ տարբերություն կա ծրագրում գործընկեր լինելու և համակարգող/առաջատար գործընկեր լինելու միջև։
Առաջատար գործընկերը կամ նախագծի համակարգողը պատասխանատու է ամբողջ նախագծի վարչական հարցերի համար, ուստի հենց այս գործընկերն է ստանում ֆինանսավորումը։ Առաջատար գործընկեր/համակարգողը պատասխանատու է՝
-
Էլեկտրոնային հայտադիմումը (eForm) ներկայացնելու համար;
-
Բոլոր անհրաժեշտ տեքստերն ու փաստաթղթերը գործընկերներից հավաքագրելու համար;
-
Եվրոպական կրթության և մշակույթի գործադիր գործակալության (EACEA) հետ հաղորդակցության և հաշվետվությունների համար, որը ղեկավարում է ծրագրի ֆինանսավորումը;
-
Նախագծի համաֆինանսավորման հետ կապված ֆինանսական ռիսկերի համար;
-
Տրամադրվող դրամաշնորհի կառավարման համար, եթե նախագիծը հաստատվում է:
Շատ դեպքերում հենց համակարգողն կազմակերպությունն է պատասխանատու նաև նախագծի ընդհանուր կառավարման համար։
Որպես գործընկեր, դուք կարող եք մասնակցել տարբեր ձևաչափերով։ Վարչական տեսանկյունից այս մակարդակում մասնակցությունը կարող է ավելի քիչ բարդ լինել։ Մյուս կողմից՝ որպես կանոն, հենց համակարգող գործընկերն է ստանում «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի աջակցության ամենամեծ մասը՝ հաշվետվությունների ներկայացման, նախագծի կառավարման, ռիսկերի կառավարման և այլ պահանջների մեծ ծավալի պատճառով։
Բոլոր գործընկերները պետք է ներգրավված լինեն նախագծի մշակման և իրականացման գործընթացում։ Որպես գործընկեր՝ դուք նույնպես պետք է աջակցեք նախագծի համաֆինանսավորմանը։
Եթե սա եվրոպական նախագծի մասնակցության ձեր առաջին փորձն է, ապա սկզբում գործընկեր լինելու տարբերակն ավելի նպատակահարմար է։ Այսպես դուք ձեռք կբերեք պատկերացում եվրոպական նախագծին մասնակցելու մասին՝ առանց լիարժեք պատասխանատվություն կրելու։
Ես արվեստագետ եմ։ Կարո՞ղ եմ դիմել ֆինանսավորման։
Ընդհանուր առմամբ՝ ոչ։ Անհատները չեն կարող դիմել «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի ֆինանսավորմանը՝ բացառությամբ Culture Moves Europe փոխանակման ծրագրի։ Այս ծրագրի շրջանակներում անհատ արվեստագետներն ու մշակութային ոլորտի մասնագետները կարող են ստանալ դրամաշնորհներ՝ մասնագիտական ուղևորությունների համար։
Ստեղծագործ Եվրոպա ծրագրի և դրա
ֆինանսավորման հնարավորությունների մասին
Ի՞նչ է Ստեղծագործ Եվրոպա ծրագիրը:
«Ստեղծագործ Եվրոպա»-ն Եվրոպական միության ծրագրերից է, որն ուղղված է ստեղծագործական, մշակութային և տեսալսողական ոլորտների աջակցությանը: Ծրագիրը գործում է 2021-2027 թթ.: Ստեղծագործ Եվրոպա ծրագիրը համախմբում է մի շարք գործողություններ, որոնք ուղղված են ստեղծագործական, մշակութային և տեսալսողական ոլորտների աջակցությանը:
Ստեղծագործ Եվրոպա ծրագիրը բաղկացած է երեք հիմնական բաղադիչներից՝
-
ՄՇԱԿՈՒՅԹ բաղադրիչ. եվրոպական մակարդակում գեղարվեստական և մշակութային համագործակցությունը խթանող և ընդլայնող նախաձեռնություններ: Մշակույթ բաղադրիչն ընդգրկում է մշակութային և ստեղծագործական բոլոր ոլորտները (բացառությամբ տեսալսողական և կինեմատոգրաֆիայի ոլորտները):
-
ՄԵԴԻԱ բաղադրիչ. գործողություններ և ծրագրեր, որոնք խրախուսում են եվրոպական մակարդակում տեսալսողական հատվածի մրցունակությունը, նորարարությունը և կայունությունը (ներառում է տեսալսողական և կինեմատոգրաֆիայի ոլորտները):
-
ՄԻՋՈԼՈՐՏԱՅԻՆ բաղադրիչ. նախաձեռնություններ և ծրագրեր, որոնք խթանում են տարատեսակ նորարարական գործողություններ և համագործակցությունը տեսալսողական և մշակութային ոլորտներում:
Այժմ, Հայաստանն ամբողջությամբ անդամակցում է ՄՇԱԿՈՒՅԹ բաղադրիչին, մասամբ՝ ՄԻՋՈԼՈՐՏԱՅԻՆ բաղադրիչին, որի շրջանակներում Հայաստանում գործում է Ստեղծագործ Եվրոպա Հայաստանյան գրասենյակը: Հայաստանը չի անդամակցում ՄԵԴԻԱ բաղադրիչին:
Ի՞նչ է «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի ՄՇԱԿՈՒՅԹ բաղադրիչը:
«Մշակույթ» բաղադրիչը համաֆինանսավորում է նախագծեր, որոնք իրականացվում են մշակութային և ստեղծագործական ոլորտներում՝ ընդգրկելով գեղարվեստական ինքնարտահայտման բոլոր ձևերը։ Բացառություն են կազմում բացառապես աուդիովիզուալ կամ կինեմատոգրաֆիական նախագծերը, որոնք աջակցություն են ստանում «ՄԵԴԻԱ» բաղադրիչի շրջանակներում։
Ֆինանսավորման հիմնական ուղղություններն են․
-
Եվրոպական համագործակցության նախագծեր
-
Աջակցություն Եվրոպական ցանցերին
-
Աջակցություն Եվրոպական հարթակներին
-
Եվրոպական գրական ստեղծագործությունների շրջանառություն
-
Համաեվրոպական մշակութային կառույցներ
-
Culture Moves Europe – արվեստագետների և մշակութային ոլորտի մասնագետների շարժունություն
ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ․ Ծանոթացեք «Ստեղծագործ Եվրոպա» մշակույթի բաղադրիչին ԵՄ հանձնաժողովի կայքում։
Ի՞նչ տեսակ նախագծեր է աջակցում «Ստեղծագործ Եվրոպա» Մշակույթ բաղադրիչը։
«Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի Մշակույթ բաղադրիչն աջակցում է եվրոպական մշակութային նախագծերին, այսինքն՝ այնպիսի նախագծերի, որոնք ուղղված են տարբեր երկրներում գործող կազմակերպությունների համագործակցությանը։ «Ստեղծագործ Եվրոպա» ծրագիրը աջակցում է տարատեսակ նախագծերի, այդ թվում՝
-
Նախագծեր, որոնք կենտրոնացած են արվեստի և մշակույթի բովանդակության ստեղծման և տարածման վրա՝ օրինակ՝ ցուցահանդեսներ, ներկայացումներ, մշակութային միջոցառումներ և այլն։
-
Նախագծեր, որոնք նպաստում են կարողությունների զարգացմանն ու ցանցային համագործակցությանը, ինչպես օրինակ՝ համաժողովներ, լավագույն փորձի փոխանակում, մասնագիտական ցանցերի կառուցում տարբեր երկրների միջև։
-
Նախագծեր, որոնք ուղղված են ոլորտին բնորոշ մարտահրավերներին լուծումներ առաջարկելուն և մշակելուն, օրինակ՝ սկսնակ արվեստագետների միջազգային շրջագայությունների կազմակերպում, թվային դարաշրջանում հեղինակային իրավունքի կառավարման նոր մեթոդների մշակում, հանդիսատեսի զարգացման գործիքների ստեղծում և այլն։
Եթե Ձեզ անհրաժեշտ է ներշնչում և հավելյալ տեղեկություն՝ ինչ բնույթի նախագծեր կարող են ստանալ աջակցություն, կարող եք ծանոթանալ հաստատված նախագծերի շտեմարանին այստեղ։
Ի՞նչ պետք է պարունակի «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի հայտը։
«Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին ներկայացվող հայտը բաղկացած է երեք մասից և հավելվածներից՝ Մաս A, Մաս B և Մաս C։ Մաս A և Մաս C ներառում են նախագծի հիմնական տեղեկությունները և գործընկերների վերաբերյալ տվյալները։ Սույն հատվածները լրացվում են առցանց տարբերակով։
Մաս B հիմնական այտադիմումն է՝ Word ձևաչափով փաստաթուղթ, որը բաղկացած է մի շարք հարցերից և բաժիններից: Այս մասը նախագծի մանրամասն նկարագրությունն է և հայտի ամենածավալուն հատվածը։
Բացի այդ, հայտի պարտադիր մասն է նաև բյուջեն, որը լրացվում է հատուկ բյուջեի ձևանմուշում։
Հայտին կարող են կցվել նաև այլ փաստաթղթեր՝ կախված տվյալ նախագծից և պահանջներից, օրինակ՝ կազմակերպության հիմնական նախագծերի համառոտ ներկայացում, նախագծային թիմի CV-ներ և այլն։ Պարտադիր հավելվածների, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը միշտ նշված է տվյալ նախագծի հայտի հրավերի փաստաթղթում (call document)։
Շատ կարևոր է, որ ի սկզբանե թիմն աշխատի ճիշտ դիմում հայտի և բյուջեի ձևաչափերի վրա, քանի որ վերջինս զգալիորեն կխնայի կազմակերպության ժամանակը և ռեսուրսները։
Ե՞րբ է հայտերի ներկայացման հաջորդ վերջնաժամկետը։
«Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի տարբեր նախագծերի համար գործում են տարբեր վերջնաժամկետներ։ Եվրոպական համագործակցության նախագծերը և Եվրոպական գրական ստեղծագործությունների շրջանառություն նախագծերը հայտեր սովորաբար ընդունում են ամեն տարի և վերջնաժամկետները սովորաբար ևս սահմանվում են ամեն տարի, մինչդեռ ցանցերի և հարթակների համար ժամկետները լինում են տարբեր։
Որպես կանոն, «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի նախագծերի հայտերը բաց են լինում մոտ 2-3 ամիս։ Բացառություն է կազմում միայն անհատական շարժունության նախագիծը, որի ժամկետները տարին մի քանի անգամ փոփոխվում է: Խորհուրդ է տրվում հետևել հայտարարություններին և թարմացումներին՝ հստակ ժամկետներին և վերջնաժամկետներին ծանոթանալու համար:
Ինչպե՞ս է գնահատվում «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի հայտը։
«Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի ֆինանսավորմանը դիմում են ուղիղ՝ Եվրոպական կրթության և մշակույթի գործադիր գործակալություն (EACEA)՝ էլեկտրոնային հարտուկ հարթակի միջոցով։ EACEA-ն ստուգում է, որ հայտը համապատասխանի բոլոր պաշտոնական պահանջներին, և այնուհետև ուղարկում է հայտը համապատասխան ոլորտի երկու փորձագետի (օրինակ՝ կատարողական արվեստ, ճարտարապետություն և այլն)։ Սույն փորձագետները պետք է համաձայնության գան ներկայացված նախագծի վերաբերյալ իրենց կողմից տրամադրված գնահատականների շուրջ։
Ֆինանսավորում տրամադրելիս, «Ստեղծագործ Եվրոպա» ծրագիրը մեծ ուշադրություն է դարձնում նախագծի ուժեղ կողմերին՝ հետևյալ չորս հիմնական ոլորտներում․
-
Եվրոպական նշանակություն
-
Բովանդակության և գործունեության որակ
-
Հաղորդակցություն և արդյունքների տարածում
-
Նախագծի կառավարում և գործընկերային համագործակցություն
Այս չորս կետերից յուրաքանչյուրի գնահատման կշիռը տարբերվում է՝ կախված համապատասխան նախագծից և նպատակներից։
Գնահատման գործընթացից հետո, անկախ նրանից՝ նախագիծը հաստատվել է, թե մերժվել, դիմող կազմակերպությունը ստանում է մանրամասն հետադարձ գնահատական։ Գնահատման տևողությունը հայտը ներկայացնելուց մինչև հաստատում կամ մերժում ստանալը, սովորաբար մոտ 6 ամիս է։
ԿԱՐԵՎՈՐ. «Ստեղծագործ Եվրոպա» ծրագիրը ստեղծվել է՝ աջակցելու Եվրոպական հանձնաժողովի մշակութային քաղաքականությանը։ Սա նշանակում է, որ ներկայացվող նախագծերը պետք է դիտարկվեն որպես ԵՄ քաղաքական նպատակների իրականացման միջոց։ «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի շրջանակներում ֆինանսավորումը տրամադրվում է այն նախագծերին, որոնք նպաստում են Եվրոպական հանձնաժողովի մշակութային և քաղաքական նպատակների իրականացմանը։ Ուստի, խորհուրդ է տրվում նախապես ծանոթանալ վերոգրյալին և համոզված լինել, որ հայտն ուղղված է Եվրամիության մշակութային քաղաքականության առաջնահերթություններին։
Արդյո՞ք «Ստեղծագործ Եվրոպա» ծրագիրը ծածկում է հայտ գրելու ծախսերը։
Ո՛չ։ Հայտը մշակելու ընթացքում գոյացած ծախսերը, մասնավորապես աշխատավարձը կամ խորհրդատուի ներգրավման համար վճարված գումարները համարվում են ձեր կողմից կատարված անձնական ծախսեր և չեն կարող ներառվել նախագծի բյուջեի մեջ։
Ո՞ր երկրները կարող են մասնակցել Ստեղծագործ Եվրոպա ծրագրին:
Ի լրումն Եվրոպական Միության 27 անդամ պետությունների, Հայաստանը և մի շարք այլ երկրներ ևս կարող են մասնակցել Ստեղծագործ Եվրոպա ծրագրին: Երկրների ամբողջական ցանկը հասանելի է այստեղ:
Ինչպե՞ս պետք է դիմել ֆինանսավորման:
Բոլոր ծրագրերի դիմում-հայտերն ընդունվում են Եվրոպական միության Funding and Tenders Portal հարթակի միջոցով: Մանրամասները հասանելի են այստեղ:
Ստեղծագործ Եվրոպա Հայաստանյան գրասենյակի մասին
Ինչո՞վ կարող է օգնել «Ստեղծագործ Եվրոպա» Հայաստանյան գրասենյակը։
Եթե դուք մտածում եք դիմել «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի ֆինանսավորմանը, ապա Հայաստանյան տեղեկատվական գրասենյակը կարող է աջակցել ձեզ մեկնարկային փուլում՝
-
Տրամադրելով մասնագիտական գնահատական ձեր նախագծի վերաբերյալ,
-
Օգնելով գործընկերների որոնման հարցում,
-
Տրամադրելով տեղեկություն այլ ազգային և միջազգային ֆինանսավորման հնարավորությունների վերաբերյալ,
-
Տրամադրելով անհատական խորհրդատվություն նախագծի հետ կապված հարցերի վերաբերյալ:
Կարող եք կապ հաստատել գրասենյակի հետ՝ գրելով info@creativeeurope.am էլ. հասցեին կամ զանգահարելով 077162957 հեռախոսահամարով:
Խորհուրդ է տրվում նաև բաժանորդագրվել գրասենյակի տեղեկատվական հարթակին, որի միջոցով գրասենյակը պարբերաբար տեղեկություններ է ուղարկում ծրագրի ընթացիկ նորությունների, թարմացումների, նախագծերի հայտերի և այլ կարևոր նորությունների մասին։
«Ստեղծագործ Եվրոպա» Հայաստանյան գրասենյակի բոլոր ծառայություններն ամբողջովին անվճար են:
Ո՞ւմ կարելի է դիմել դիմում-հայտի հետ կապված հարցերի դեպքում:
Հարցերի, մանրամասների և օգնության համար կարող եք դիմել Ստեղծագործ Եվրոպա Հայաստանյան գրասենյակ: Տեխնիկական հարցերի դեպքում կարող եք ծանոթանալ սույն Առցանց ուղեցույցին, ինչպես նաև Funding and Tenders Portal հարթակի Հաճախ տրվող հարցերին: Կարող եք նաև կապ հաստատել IT Helpdesk-ին:
Culture Moves Europe անհատական շարժունության ռեսուրսները (տեղեկատվական հանդիպումներ, ձայնագրություններ, ուղեցույցներ և այլն) հասանելի են այստեղ: