top of page
Faded Shapes

Լռության խզում. ինչպես «Culture Moves Europe»-ն օգնեց հայ խուլ երիտասարդներին քայլ անել դեպի եվրոպական բեմ

  • 5 hours ago
  • 2 min read


Երբ ես առաջին անգամ մտադրվեցի խուլ և լսողության խնդիրներ ունեցող հայ ուսանողների մի խմբի տեղափոխել Եվրոպայի մշակութային կյանքի կենտրոն, դա թվում էր չափազանց համարձակ, նույնիսկ՝ անիրականանալի։ Վերջին 15 տարիներին աշխատելով բրենդինգի և մարքեթինգի ոլորտում և աստիճանաբար փոխելով մասնագիտական ուղղվածությունս դեպի Հայաստանի խուլերի համայնքի աջակցություն՝ հասկացա, որ սա երբեք հեշտ գործ չի եղել։ Սա միայն երազանք չէր՝ աջակցել հաշմանդամություն ունեցող անձանց իրենց կարիերայի զարգացման գործում, այլև նպատակ էր՝ խթանել Հայաստանի ստեղծարար իրականությունը՝ բացելով նոր հնարավորություններ եվրոպական հարուստ մշակութային ժառանգության հետ հաղորդակցվելու համար։ Մեզ համար մեծ օրհնություն էր, երբ «Culture Moves Europe» շարժունության ծրագիրը բացեց այս հնարավորությունը մեր առջև։ Այս տեսլականը վերածվեց կյանքը փոխող մի ճանապարհորդության, որը վերաիմաստավորեց ոչ միայն ուսանողների ապագան, այլև ներառականության մասին իմ սեփական պատկերացումները՝ դրդելով ինձ նոր նպատակներ և հնարավորություններ սահմանել համայնքի համար։

Որպես խմբի ղեկավար՝ ես պատիվ ունեցա ուղեկցելու Տանյա Համբարձումյանին, Ժորժ Լալայանին, Մարիա Պողոսյանին և Դավիթ Ամիրշատյանին՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի երրորդ կուրսի ուսանողներին, դեպի Իտալիայի Պերուջա քաղաքում գտնվող «Micro Teatro Terra Marique»: Մնջախաղի և ֆիզիկական թատրոնի փորձագետ Կլաուդիո Մասիմո Պատեռնոյի ղեկավարությամբ մեր ուսանողները մասնակցեցին մեկշաբաթյա արվեստի ռեզիդենտության, որտեղ ներկայացրին իրենց «Այն, ինչ հնարավոր չէ տեսնել աչքերով» ստեղծագործությունը և ընկղմվեցին եվրոպական թատերական փորձառության մեջ։

Սակայն մեր ճանապարհորդությունն ավելին էր, քան պարզապես կատարողական տեխնիկայի փոխանակումը։ Յուրաքանչյուր փորձի, յուրաքանչյուր վարպետության դասի և յուրաքանչյուր զրույցի միջոցով այս ուսանողները, որոնք Հայաստանի մշակութային դաշտում հաճախ անտեսանելի են, գտան իրենց ձայնը։ Կլաուդիոյի մենթորությունը ոչ միայն բարելավեց նրանց հմտությունները, այլև բարձրացրեց նրանց ինքնավստահությունը՝ ապացուցելով, որ արվեստը լեզվական պատնեշներ չունի, երբ ներառականությունը գիտակցված է։

Ռեզիդենտությունից բացի, ես կազմակերպեցի կրթական այցեր՝ ընդլայնելու նրանց պատկերացումները Եվրոպայի գեղարվեստական ժառանգության մասին։ Մենք այցելեցինք Վատիկանի թանգարաններ և Բորգեզե պատկերասրահ, որտեղ միջազգային ժեստերի լեզվի փորձագետ Վիոլանտե Նոնը անհատական էքսկուրսիա անցկացրեց ժեստերի լեզվով։ Ուսանողների համար սա պարզապես թանգարանային այց չէր. առաջին անգամ էր, որ եվրոպական մշակույթը ներկայացվում էր իրենց լեզվով, ինչը նրանց ստիպեց իրենց տեսանելի և ներառված զգալ համաշխարհային մակարդակով։

«Culture Moves Europe»-ն ավելին էր, քան ֆինանսավորման հնարավորություն։ Այն դարպաս էր։ Այն մեզ ցույց տվեց, որ շարժունությունը ոչ միայն ֆիզիկական տեղաշարժ է, այլև գաղափարների, ինքնության և հնարավորությունների շարժում։ Այսօր այս ուսանողները պատրաստակամ են կիսվել իրենց փորձով Հայաստանի իրենց հասակակիցների հետ՝ ներշնչելով խուլ արվեստագետների մի նոր ալիք, ովքեր հավատում են, որ բեմն իրենցն է նույնպես։ Նրանք ձգտում են կապ հաստատել եվրոպացի ուսանողների և հարուստ գեղարվեստական ժառանգության հետ։

Բոլոր նրանց, ովքեր մտածում են դիմել այս ծրագրին՝ արե՛ք դա։ Խոսքը միայն ճամփորդելու մասին չէ, այլ կյանքեր փոխելու՝ սկսած հենց ձեր սեփականից։


Գրեգ Ավետիսյան, Ներառական կրթության և խուլերի համայնքի շահերի պաշտպան

Comments


ՀՀ, ք. Երևան 0002, Թումանյան 38

Հեռախոս՝ +374 77 162957
Էլ. հասցե՝ info@creativeeurope.am

  • Facebook
  • Instagram
  • LinkedIn

© 2025 Ստեղծագործ Եվրոպա Հայաստանյան գրասենյակ: Բոլոր իրավունքները պահպանված են:

Ստեղծագործ Եվրոպա Հայաստանյան գրասենյակը գործում է Եվրոպական Հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Գրասենյակի աշխատանքները համակարգում է «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը:

bottom of page